ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հայաստանն առաջին անգամ «Եվրատեսիլում» ներկայանում է ռոք խմբով (տեսահոլովակ)

Հայաստանն առաջին անգամ «Եվրատեսիլում» ներկայանում է ռոք խմբով (տեսահոլովակ)
18.03.2013 | 15:37

«Դորիանս» խմբի երգիչ Գոռ Սուջյանը «Եվրատեսիլ» երգի մրցույթին կներկայացնի «Lonely Planet» երգը, որն ընտրվել է հանդիսատեսի և ժյուրիի քվեարկության արդյունքում:

«Եվրատեսիլ-2013»-ը կկայանա մայիսի 14-18-ին` Շվեդիայի հարավում գտնվող Մալմյո քաղաքում: Մրցույթում հաղթանակի համար պայքարելու է 39 երկիր:

-«Եվրատեսիլի» եզրափակիչ փուլի համար նախատեսված մրցութային երգերից` «The Truth», «Toy Planet», «No time» և «Lonely Planet», ընտրվեց «Lonely Planet»-ը: Ձեր համակրանքը նույնպե՞ս այդ երգի կողմն էր:
-Բոլոր չորս երգերն էլ մենք փորձել էինք ներկայացնել լավագույնս` դրանց տալով ռոքային հնչեղություն: Որ երգն էլ ընտրվեր, մեր սրտով կլիներ: Սակայն մեզ համար, իրոք, մեծագույն պատիվ է Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնել այն երգով, որի համահեղինակը համաշխարհային ռոք-երաժշտության այնպիսի մեծություն է, ինչպիսին «Black Sabbath» խմբի հիմնադիր Թոնի Այոմին է: Հայաստանն առաջին անգամ է «Եվրատեսիլում» ներկայանալու ռոք խմբով, ու Թոնի Այոմիի նման աջակցությունը շատ կարևոր է մեզ համար:
-Կարո՞ղ ենք ասել, որ լավ երգը, «Եվրատեսիլի» պարագայում, հաղթանակի կեսն է:
-Իհարկե, քանի որ «Եվրատեսիլը» երգի մրցույթ է:
-«Եվրատեսիլը» քաղաքականացված մրցույթ է նաև: ՈՒ եթե իսկապես հաղթում են երկրները, ինչի համար է ողջ ջանքը` լավ երգ, լավ մասնակից ընտրելու: Պատվով ներկայանալո՞ւ համար:
-«Եվրատեսիլի» մասին միշտ էլ հակասական կարծիքներ են հնչում, սակայն մեր խնդիրն է լավագույնս հանդես գալ ու իսկապես պատվով ներկայացնել մեր երկիրը: Գուշակություններ անելը անշնորհակալ գործ է, ուստի խումբը կենտրոնանում է առաջիկա ելույթի վրա:
-«Եվրատեսիլում» մեր մասնակիցներից ո՞ւմ երգը կամ ելույթն եք ամենից շատ հավանել:
-Մեր բոլոր մասնակիցների ելույթներն էլ լավ են եղել, բայց ուզում եմ հատկապես առանձնացնել Սիրուշոյի «Քելե-քելե» երգը, քանի որ Եվրոպայում այդ երգը մինչ օրս սիրում ու լսում են:
-Գոռ, եվրատեսիլյան մասնակցի ընտրությունը երբեմն բողոքի ալիք է բարձրացնում հանրության շրջանում: Ձեր դեպքում բողոքներ չեն լինում, որովհետև գիտեն, որ պատվո՞վ եք ներկայանալու, թե՞ թշնամիներ չունեք: Ի՞նչն է պատճառը:
-Չէ, իհարկե, կան այնպիսի մարդիկ, որոնք ինչ-որ բողոքներ են ներկայացնում: Եվ դա բնական է: Ինչպես ասում են` ճաշակին ընկեր չկա:
-Գիտեմ, որ քաղաքականությամբ չեք հետաքրքրվում: Այնուհանդերձ: Ռոքը բողոք է նաև: Մեր հասարակության մեջ առկա խնդիրները Ձեր մեջ բողոք չե՞ն առաջացնում:
-Քաղաքականությամբ իսկապես չեմ հետաքրքրվում: Ես երաժիշտ եմ ու զբաղվում եմ երաժշտությամբ, ասելիքս փոխանցում եմ երգի միջոցով: Երբ արվեստի մարդիկ շատ են տարվում քաղաքականությամբ, հաճախ ականատես ենք լինում, որ արդյունքում տուժում է իրենց արվեստը, իսկ քաղաքականությունը, որպես կանոն, ոչինչ չի շահում:
Ինչ վերաբերում է պնդմանը, թե ռոքը բողոք է, կարծում եմ, դա որոշակի իմաստով կարծրատիպ է: Բողոքը չպետք է ինքնանպատակ լինի: Օրինակ, կարող եմ ձեզ առաջարկել ծանոթանալ «Lonely Planet» երգի բառերին և հետևություն անել` այնտեղ բողոք կա՞, թե՞ ոչ:
-«Lonely Planet» երգի խոսքերի հեղինակը Վարդան Զադոյանն է, երաժշտության հեղինակը, ինչպես և նշեցիք, Թոնի Այոմին է: Այս համագործակցությունն ինչպե՞ս է ստացվել:
-Թոնի Այոմին սերտ կապեր ունի Հայաստանի հետ: 2009-ին այցելել էր Հայաստան` «Մեդիամաքս» ընկերության նախաձեռնած «Հայաստանը շնորհակալ է ռոքին» ծրագրի շրջանակում: Վերջին տարիներին մեր մենեջեր Արա Թադևոսյանի և Թոնի Այոմիի միջև հաստատվել են բարեկամական հարաբերություններ, և վերջինս դրական արձագանքեց համատեղ երգ գրելու մեր ցանկությանը:
-Ձեզ համար կապ ունի՞, թե որ երկրի բեմում եք, ո՞վ է հանդիսատեսը:
-Կապ չունի, թե որ երկրում ենք, բայց կապ ունի, թե ով է հանդիսատեսը ու ինչպես է ընկալում մեր երաժշտությունը:
-Ադրբեջանում անցկացվող երգի մրցույթին պատրաստ էիք ներկայացնելու Հայաստանը, եթե անվտանգությունն ապահովելու երաշխիք լիներ: Թեև կարող էիք նաև հրաժարվել: Արդեն մեկ տարի անց, վերանայելով անցածը, կարո՞ղ եք ասել` ուզո՞ւմ էիք մասնակցել, թե՞ ոչ:
-Մեկ տարի առաջ արդեն հայտնել էինք մեր դիրքորոշումը, որն անփոփոխ է: Եթե, ի վերջո, որոշվեր, որ Հայաստանը պետք է մասնակցի Ադրբեջանում անցկացվելիք «Եվրատեսիլին», մենք կգնայինք ու պատվով կներկայացնեինք մեր հայրենիքը, մանավանդ որ նախորդ տարվա մեր երգն Ադրբեջանին ուղղված «հաղորդագրություն» ուներ:
-«Եվրատեսիլ-2013»-ում հանդես եք գալու «Դորիանս» խմբի հետ համատեղ: Գալո՞ւ է ժամանակը, երբ ներկայանալու եք որպես Գոռ Սուջյան` խմբից առանձին:
-Երբե՛ք: Չնայած, ասում են` երբեք մի ասա երբեք, բայց այս պահին չեմ կարծում, որ նման ժամանակ երբևէ կգա:
-Մրցույթի այս տարվա «Մենք մեկ ենք» կարգախոսը հավանո՞ւմ եք: Այսպես հարցնեմ` մենք մե՞կ ենք:
-Հայաստանում մենք մեկ ենք, իսկ Եվրոպայում մենք մեկ կլինենք այն ժամանակ, երբ մեր այս տարվա երգի «մեսիջը» ընկալեն եվրոպացիները:


Զրույցը` Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Տեսանյութ

Dorians - Lonely Planet (Armenia) 2013 Eurovision Song Concontent_details | Official
Դիտվել է՝ 3126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ